Կոլեկտիվ տրավմաների անձնական պատմություններ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո (Ներածություն)

autumn leaves

Այսշարքը հայերիևադրբեջանցիներիանհատականպատմություններիմիջոցով ուսումնասիրումէ 2020 թվականի 44-օրյաԼեռնայինՂարաբաղիպատերազմին հաջորդած կոլեկտիվտրավմաերևույթը, դրա դրսևորման եղանակներըևդրա ազդեցությունը շարունակվող հակամարտության դինամիկայի վրա։ 

Ու եթե ​​պատերազմը բոլորիս չի սպանում, այն, միևնույն է, բոլորիս է տրավմայի ենթարկում:

Եվ դա տեղի է ունենում ինչպես անհատական, այնպես էլ ողջ հասարակությունների մակարդակով: Այնուամենայնիվ, քանի որ մենք՝ անհատապես և որպես ամբողջական հասարակություններ, գործում ենք թե՛ տրավմատիկ իրադարձությունների ընթացքում, թե՛  դրանցից հետո, տրավմա երևույթին լուրջ չեն վերաբերվում ո՛չ դրան անմիջապես ենթարկվածները, ոչ հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներ իրականացնողները: Եվ անտեսման հենց այս փաստը կարող է վերագրվել տրավմայի դրսևորմանը և դրա հետ բոլոր առնչվածների վրա ունեցած ազդեցությանը:

Եթե ​​անհատի մակարդակում տրավման բավականաչափ ուսումնասիրված է, և հոգեթերապևտիկ զինանոցում կան դրա հետ աշխատելու բազմաթիվ պրակտիկաներ և մեթոդներ, ապա կոլեկտիվ տրավման անտեսվում է, իսկ միջազգային մարդասիրական և խաղաղարար հասարակությունը շեշտը հիմնականում դնում է մարդասիրական և քաղաքական հայեցակարգերի վրա` անտեսելով բուն մարդկային գործոնը, մարդկանց և ամբողջ հասարակությունների՝ նմանատիպ տրավմատիկ իրադարձություններից հետո փոփոխության ձևերը և արդյունքում նրանց կարիքների փոփոխությունը։

Բլոգում գրվածքների այս շարքում ներկայացված են անհատների, ընտանիքների, ղարաբաղյան հակամարտության կողմերի ներկայացուցիչների անձնական պատմությունների օրինակներ։ Այս մարդկանցից հարցազրույցներ եմ վերցրել երեք ամիսների ընթացքում՝ 2021 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում՝ փորձելով լուսաբանել աշխատանքի և տրավմայի փոխանցման մեխանիզմը, ցույց տալ պատերազմի տրավմային բնորոշ ցուցիչներն ու հատկանիշները, անձնական և հասարակական մակարդակում դրսևորման եղանակները, պատերազմի սարսափն անմիջապես իրենց մաշկի վրա չզգացածների, այսինքն՝ տրավմայի ենթարկված այսպես կոչված առաջնային խմբին չպատկանողների վրա դրա խորքային ազդեցության ձևերը:

Նրանց թվում են, օրինակ, պատերազմի զոհերի հետ սերտ հուզական կապեր ունեցողները և տրավմատիկ իրադարձությունների զարգացմանը, իրենց գործունեության բերումով, ականատես-հետևողները, օրինակ՝ առաջին օգնության աշխատակիցները, լրագրողները և նույնիսկ նրանք, ովքեր ռազմական գործողությունների վայրից հեռու լինելով, կարող են ենթարկվել երկրորդական տրավմայի, որը զգացմունքների խորության և կյանքի վրա ազդեցության առումով կարելի է համեմատել առաջնայինի հետ:

Վարքագծի վրա ազդեցության հետևանքով տրավման կարող է փոխել ոչ միայն մեր, այլև սերունդների կյանքը, փոխել հասարակության զարգացման ողջ դինամիկան: Չմշակված տրավման վերածվում է կոլեկտիվ տրավմայի՝ փոխանցվելով ընտանեկան և այլ պատումների միջոցով: Եվ տվյալ, այսպես կոչված, անուղղակի/սերնդային տրավմայի ազդեցությունը կարող է այնքան նշանակալի լինել, որ կարող է էական ազդեցություն ունենալ հակամարտության համատեքստի ողջ դինամիկայի վրա:

Այնուամենայնիվ, շատերի համար այս զգայուն և ոչ բավականաչափ ծանոթ թեմայի շուրջ զրույց սկսելուց առաջ հարկ է գիտակցել, որ տրավման մեր հոգեբանության, մեր ամբողջ մարմնի, ինչպես նաև մեր հասարակությունների նորմալ արձագանքն է ոչ նորմալ հանգամանքներին: Տրավման կարող է բնութագրվել որպես տրավմատիկ իրադարձություններին մեր ներքին հաղթահարման մեխանիզմների հուզական պատասխան, որը խաթարում է մեր անվտանգության զգացումը և հասցնում մեզ, կրկին ապահով զգալու համար, այլ իրականություն փնտրելու վիճակի: Մարդկանց և հասարակությունների մեծ մասն անցնում է տրավմատիկ փորձառությունների միջով և վերադառնում է բնականոն գործունեությանը, և նույնիսկ օգտագործում է այդ փորձն աճելու և արարելու համար: Այնուամենայնիվ, պաշտպանություն փնտրելու միտումը երկար է պահպանվում՝ դառնալով  վարքագծի նորմ, ինչպես անհատական, այնպես էլ հասարակական մակարդակներում՝ շարունակելով գործել նույն ռեժիմով նույնիսկ վտանգն անցնելուց հետո։

Պատերազմի նման տրավմատիկ փորձը ոչնչացնում է այն, ինչին մենք հավատում էինք, խարխլում է այն անվտանգության համակարգը, որը ստեղծել ենք մեր ընկալման մակարդակում, և որը ձևավորվել է մեր ընկալումներում մանկուց՝ մեզ տալով  պատկանելության, պաշտպանվածության, սոցիալական այն տարածքի զգացում, որտեղ մենք կարող ենք ապահով ապրել, զարգանալ և տեսնել մեր ապագան: Այս համակարգը կառուցված է բազմաթիվ բաղադրիչների փոխկապակցվածության հիման վրա, որոնցից են մեր ծննդավայրը, տունը, ծնողները, ընտանիքը, դպրոցը, ընկերները, աշխատանքը, ազգային պատկանելությունը, երկիրը և այլն:

Համակարգի խաթարման դեպքում սոցիալական այս մեխանիզմն այլևս չի ապահովում մեր պաշտպանվածության զգացումը, ապա անմիջապես սկսվում է նորը փնտրելու գործընթացը: Մենք՝ որպես անհատներ և հասարակություններ, ունենք հարմարվողականության զարմանալի ճկուն մեխանիզմներ, որոնք մեզ անվտանգության զգացողություն են հաղորդում: Եվ երբեմն, նույնիսկ անվտանգության բացակայության պայմաններում երկար ապրելով, մենք այդ պայմանները հարմարեցնում ենք մեզ և հաճախ կյանքը մեկնաբանում ենք չլուծված և պայթյունավտանգ հակամարտությունների համատեքստում, կամ, օրինակ, ընդունում ենք ավտորիտարիզմը` որպես կյանքի և զարգացման ապահով և հարմարավետ միջավայր:

Գիտակցելով հասարակական տրավմաների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության համատեքստում, լսելով, թե ինչպես են մարդիկ բացահայտ կիսում իրենց մտքերն ու զգացմունքները՝ ակնհայտ է, որ հասարակությունները փնտրում են սոցիալական համակարգի նոր մոդել, որը նրանց կրկին կտա ապահովության զգացողություն։

Այնուամենայնիվ, որոնումը կարող է հանդես գալ բոլորովին անկանխատեսելի դրսևորումներով, երբ հիմնական շարժիչ գործոնը շարունակում է լինել պաշտպանությունը, իսկ հաշվի առնելով այն, որ բոլոր զրուցակիցներս մտավախություն ունեին, թե ռազմական էսկալացիան անխուսափելի է, ապա այս ամենը կարող է հասնել ընդհուպ մինչև անցյալում մնալու հնարավորություններ փնտրելուն, որպեսզի հոգեբանորեն շարունակեն լինեն այդ ծանոթ և ապահով վիճակում, կամ կարող է հասնել անցյալը վերադարձնելու ցանկության, որպեսզի իրադարձություններն այլ կերպ դասավորվեն` հաշվի առնելով քաղած դասերը: Երկուսն էլ կարելի է մեկնաբանել որպես իրականության ժխտում:

Վախն ու անկանխատեսելիությունը թելադրում են պաշտպանության և պաշտպանվածության որոնում, համախմբված և փակ խմբերի ստեղծում, որտեղ միմյանց նկատմամբ աջակցության մակարդակը չափազանց բարձր է, որտեղ նախկինում ունեցած լուրջ տարաձայնություններն այլևս որևէ դեր չեն խաղում:

Այս իրավիճակում անհանգստության մակարդակը շարունակում է լինել բարձր, տագնապի ազդանշաններ կարող են ստացվել բոլոր ուղղություններից, այդ թվում՝ բավականին համախմբված հասարակության ներսից, ինչը ներքին թշնամիների որոնման և գտնելու առիթ է տալիս: Այս միտումը հատկապես սրվում է, երբ արտաքին թշնամիներն այլևս դուրս են հասանելիությունից: Անվտանգության զգացման և շրջապատող աշխարհի նկատմամբ վստահության կորուստը ընդհանուր կասկածի զգացողության տեղիք է տալիս, որն ինքնին բավականին քայքայիչ վիճակ է, իսկ դրանից ազատվելը կարող է նշանակել հեռավորության սահմանում, երբեմն նույնիսկ ինքնամեկուսացման անհրաժեշտության` պահպանելով սեփական անվստահությունը շրջակա աշխարհի նկատմամբ և գոհանալով վտանգի աղբյուրներից հեռու գտնվելու որոշմամբ:

Տրավմայի վերաբերյալ իրազեկության բարձրացման դեպքում, երբ մենք ունակ ենք ճանաչել և արձագանքել դրան, գիտակցել տրավմայի հետևանքները ինչպես մեզ, այնպես էլ առանձին անհատների, խմբերի, համայնքների, ամբողջ ազգի համար, հասկանալով դրա ռիսկերը, կարող ենք կանխատեսել հնարավոր հասարակական միտումները, իրադարձությունների ընթացքը: Օրինակ` չմշակված տրավմաները միտում ունեն սրվելու, նույնիսկ երկար տարիներ անց, և կարող են մեզ և մեր հասարակություններին վերադարձնել տրավմատիկ փորձառության պահին եղած նույն վիճակին, ինչպես և տեղի ունեցավ 2020թ․ աշնանը Ղարաբաղում ռազմական իրադարձությունների բռնկման համատեքստում, երբ ինձ հարցազրույց տված շատ մարդիկ հայտնվեցին այնպիսի հուզական վիճակում, ասես շատ տասնամյակների վաղեմության ողբերգությունները երեկ են տեղի ունեցել:

Հետպատերազմյան հասարակությունների հետ աշխատելիս՝ հարկ է հաշվի առնել տրավմաների ազդեցությունը տվյալ հակամարտության ընկալման և մեկնաբանման վրա՝ կողմ հանդիսացած բոլոր հասարակություններում՝ անկախ դրանց հաղթողի կամ պարտվողի կարգավիճակից: Հետտրավմատիկ վիճակը ազդում է հակամարտության զարգացման հետագա դինամիկայի, արդարության որոնման գործընթացի բնույթի և դրա մասնակիցների որոշարկման վրա։

Տրավմայի ազդեցության իմաստավորումը և դրա դերը կոնֆլիկտային համատեքստում գիտակցելը կարող է էական կարևորություն ունենալ ինչպես անձնական, այնպես էլ հասարակությունների վերականգնման մակարդակներում ապաքինման ուղիների որոնման համար, ինչպես նաև վերածվել հակամարտությունները խաղաղ ճանապարհով  լուծելու ուղիների որոնման կարևոր մեխանիզմի:

Այս հոդվածները պատրաստվել են «Ապաքինում կոլեկտիվ տրավմայից» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է «Ինդի Փիս» կազմակերպությունից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այս հոդվածում ներկայացված կարծիքները բացառապես «Ինդի Փիս» կազմակերպության տեսակետներն են և չեն արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Օգտագործված տեղանունները ներկայացված են թարգմանության լեզվի տարբերակներով։